ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Այսօր Ընտանիքի միջազգային օրն է, և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այդ առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.
«Այս տոնը ծնվում է նախեւառաջ մեր ներսում` մեր հույզերից ու զգացմունքներից, ապա, հենվելով արժեքների ու արժեհամակարգի վրա, դառնում տուն ու օջախ, երկիր ու պետություն, պատիվ ու արժանապատվություն:
Երկիրը միասնական ջանք ու զգացմունք համախմբող այն բազմազավակ ընտանիքն է, որտեղ կարեւոր ու անհրաժեշտ են յուրաքանչյուրի ներդրումը, սերն ու սրտացավությունը: Որքան շահագրգիռ ենք ամուր պահել, պաշտպանել մեր ընտանիքները, նույնքան նվիրվածությամբ ենք մտածում մեր երկիրը պահելու ու պաշտպանելու մասին:
Մենք շարունակում ենք մնալ այդպիսին, որովհետեւ ընտանիքի, ծնողի, զավակի, հարազատի հանդեպ մեր վերաբերմունքը բնական է ու անկեղծ, որովհետեւ ընտանեկան ջերմության համար մեզ արհեստական ոչինչ անհրաժեշտ չէ, որովհետեւ մեզ խորթ է ընտանեկան օջախին հյուրանոցի նման վերաբերվելու հոգեբանությունը»:
ԱԺ նախագահը մաղթել է բոլոր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ համերաշխություն: