ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սրտանց շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձը հրապարակել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության և իրավունքների պաշտպանության, երկրում հասարակական կարգի և օրինապահության ամրապնդման կարևորագույն ոլորտը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր առաքելությունը»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով` ոստիկանության գործունեության բնագավառում իրականացվող արմատական բարեփոխումները, տեխնիկական վերազինումը, ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը տվել են սպասված արդյունքները:
«Այսօր ունենք կայացած և ամուր պետական կառույց, որը հուսալի գործընկեր է օտարերկրյա իրավապահ մարմինների համար և կարող է կատարել իր առջև դրված ամենաբարդ խնդիրները, և որին վստահությամբ է վերաբերվում մեր քաղաքացին»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Ըստ նախագահի` այս ամենի վկայությունն էին ոստիկանության գործողությունները անցյալ տարվա դրամատիկ իրադարձությունների ընթացքում, երբ ոստիկանները, անգամ ինքնազոհության գնով, լիարժեքորեն կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները: Վկայությունն էր նաև ոստիկանության աշխատանքը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի և բուն քվեարկության օրվա ընթացքում:
«Ծառայողական գործունեության այս մակարդակը վկայում է ոստիկանության ոչ միայն մասնագիտական ու գործառնական, այլև բարոյահոգեբանական բարձր պատրաստվածության մասին»,- ասել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ոստիկանությունը շարունակելու է մնալ հանրության մշտարթուն ուշադրության կենտրոնում, իսկ ցանկացած թերացում, վրիպում, առավել ևս՝ օրինախախտում, կարող է ի չիք դարձնել ոստիկանության արդիականացմանն ուղղված ջանքերի արդյունքները:
«Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն առաջին հերթին ինքն է անհանդուրժող լինելու ցանկացած նման երևույթի հանդեպ, ինչպես որ հետևողական է բարեփոխումների գործընթացը ցանկալի ավարտին հասցնելու գործում»,- ասել է նախագահը` ոստիկաններին մաղթելով քաջառողջություն և աշխատանքային նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության ու առաջընթացի: