«Հայկական ժամանակ». Միլիոնատեր ընտանիքը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա ընտանիքի անդամները Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել 2016 թվականի եկամուտների և դրամական միջոցների հայտարարագրերը։
«Կարեն Կարապետյանը նախորդ տարվա սկզբին ունեցել է 120 միլիոն դրամ, 3 միլիոն 400 հազար դոլար, 35 միլիոն ռուբլի և 720 հազար եվրո։ Վարչապետի եկամուտները գոյացել են 8 տարբեր աշխատավարձից, որից 2-ն է միայն դրամով։ Վարչապետի կինը` Աստղիկ Կարապետյանը, որը, ըստ հայտարարագրի, ոչ մի տեղ չի աշխատում, նախորդ տարվա սկզբին ունեցել է 7.3 միլիոն դրամ, 2.4 միլիոն դոլար, 1 միլիոն եվրո և 23 միլիոն ռուբլի։ Վարչապետի հետ համատեղ բնակվող որդին` Գոռ Կարապետյանը, դատարկ հայտարարագիր է ներկայացրել հանձնաժողովին»,-գրում է թերթը։
«Ժամանակ». Ընդմիշտ հեռանում է
Րաֆֆի Հովհաննիսյանը, դեռևս անցյալ տարի սեպտեմբեր ամսին կայացած նիստին, «Ժառանգության» վարչության անդամներին հայտնել էր, որ ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից և անցնել հանգստի։ Թերթը տեղեկություններ ունի, որ Հովհաննիսյանի այդ ցանկությունը շարունակում է կենսունակ մնալ։
«Պատահական չէ, որ նա հենց 11-րդ հորիզոնականում է ՕՐՕ դաշինքի, որը ոչ մի դեպքում անցողիկ չի համարվում։ Մեր տեղեկություններով` Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն որոշել է լքել քաղաքականությունը, այլև մտադիր է առաջիկայում վերականգնել իր ամերիկյան քաղաքացիությունը, որից հրաժարվել էր 1991 թվականին»,-գրում է թերթը։
«Հրապարակ». Ներդրողները գալիս են
Թերթին հայտնի է դարձել ռուս-հայաստանյան ներդրումային ֆոնդի ստեղծման օրը։
«Այսօր Հայաստան կժամանի Սամվել Կարապետյանը` ռուսաստանյան մի շարք գործարարների հետ, իսկ մարտի 25-ին կարվի համապատասխան հայտարարությունը։ Հիշեցնենք, որ նման ինվեստիցիոն ակումբի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարեսկզբին` Կարեն Կարապետյանի` Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ներդրումներն առաջին հերթին ծառայելու են մարզերի համաչափ զարգացմանը, չնայած մինչ այս խոսակցություն կար, որ առյուծի բաժինը կհասնի Լոռու մարզին` Սամվել Կարապետյանի փոքր հայրենիքին»,-գրում է թերթը։
«Չորրորդ իշխանություն». Մեր պատասխանը Բելառուսին
Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Թեմայի վերաբերյալ թերթն իր փոքրիկ վերլուծությունն է կատարել։
«Եթե երկու երկրների միջև հարաբերությունները վատանում են, դեսպանին հետ կանչելը սովորական պրակտիկա է։ Եվ ընդհանրապես, որևէ երկրում տևական ժամանակ դեսպան չունենալը համարվում է քաղաքական դեմարշ։ Բայց ուշադրություն դարձրեք, թե որքան նրբորեն Հայաստանը պատժեց Բելառուսին։ Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր` «փաստաթղթերով» Հայաստանը Բելառուսում դեսպան ունի, իսկ իրականում` փաստորեն չունի։ Այնպես որ` Բելառուսը չի կարող Հայաստանին համարժեք հարված հասցնել։ Եթե, իհարկե, հանկարծ չորոշի Հայաստանում Բելառուսի դեսպան նշանակել, ասենք, մի պարկ կարտոֆիլ»,-գրում է թերթը։
«Հայկական ժամանակ» ․ԱԱԾ-ն Սամվել Բաբայանի ձերբակալության գործով ձայնագրություն ունի
«ԱԱԾ-ն ու Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանն առայժմ չեն մեկնաբանում՝ ինչ ապացույցների հիմքով է ձերբակալվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը, բայց արդեն տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն որոշակի ձայնագրություններ է ունեցել:
Քաղաքական ու իրավապահ նեղ շրջանակում երեկվանից պտտվող տեղեկությունների համաձայն, դրանց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում այն երկու անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի եւ կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ: Հիշեցնենք, Բաբայանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Իգլա» համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ Բաբայանը:
Վերջինիս փաստաբանը երեկ մեզ հետ զրույցում շեշտեց, որ Բաբայանը հերքում է, որ ինքը ճանաչում է մյուս 2 անձանց եւ, որ կապ է ունեցել «Իգլայի» ձեռքբերման ու ՀՀ տեղափոխման հետ: Բայց, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերում առկա են այնպիսի դրվագներ, որ այդ զենքով թռիչքի ժամանակ պետք է հարված հասցվեր այն ուղղաթիռին, որով պետք է թռչեին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ հավանաբար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ի դեպ, փաստաբան Քալաշյանը երեկ մեզ նաեւ ասել է, որ Բաբայանն առայժմ չի հայտարարում, որ իր ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի»: