ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հուշահամալիրի շինարարական աշխատանքներ իրականացնող «Կոբրա» ՓԲ ընկերության տնօրեն Արմեն Առստամյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հուշահամալիրը կառուցվում է ծննդով արցախցի, պատերազմի մասնակից, մոսկվայաբնակ բարերար Սիմոն Պետրոսյանի մտահղացմամբ և օժանդակությամբ:
Ստեփանակերտի գրեթե բոլոր հատվածներից երևացող այս համալիրում շինարարական աշխատանքներն ընթանում են 2007 թվականից: Ընդհանուր առմամբ, համալիրն՝ իր օժանդակ կառույցներով, զբաղեցնում է մոտ 3000 քմ տարածք: Ծավալատարածական կառուցվածքով այն խաչաձև է, իսկ խաչի թևերը իրենցից ներկայացնում են եռանկյուն կտրվածքով սյունաշարեր: Հատման կենտրոնում էլ վեր է խոյանալու հուշակոթող: Ջրի հոսքի համար, կառուցվելու է կասկադ, այնտեղից հոսելու է դեպի փոքր ջրավազաններ: Հուշակոթողը մոտ 20 մ բարձրություն ունեցող զարդաքանդակներով 2 կոթողներ ունի: Նախատեսվում է դրանց արանքում կառուցել պատյանի մեջ պահված թուր, ինչը խորհրդանշում է, որ հայ ժողովուրդը հաղթանակած թուրը դրել է պատյան, բայց պատրաստ է վտանգի պահին այն նորից հանելու: Հուշահամալիրի տարածքում նաև զբոսայգի է լինելու` քարե նստարաններով, ծաղկանոցներով, շվաքարան-տաղավարներով: Հուշահամալիրը երկու գլխավոր մուտք ունի. առաջինը՝ Հայկավան թաղամասից, երկրորդը` Կրկժանի կողմից:
Առստամյանի խոսքով`ուրախալին այն է, որ ամեն բան հարմարեցված է սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժը ապահովելուն:
Համալիրի տարածքի, առաջին և երկրորդ հարկերում, առանձին մուտքերով կառուցվում է ռեստորանային համալիր, հարավարևելյան կողմից` հյուրանոց: Հիմնական աշխատանքներն ավարտված են. արդեն սկսվել են ներքին հարդարման աշխատանքները:
«Ամենագլխավորը՝ համալիրն իր ճարտարապետական կառույցներով, և աշխարհագրական դիրքով որևէ այլ կառույցի չի կրկնում,-մանրամասնել է Ա. Առստամյանը՝ հավելելով,- հիրավի, այս հուշահամալիրը հայ ժողովրդի հարատևության և անցյալի հիշողության յուրօրինակ խորհրդանիշ է դառնալու»: