«Ռեյտինգային ընտրակարգը բավական բարդ մեխանիզմ է, բայց իրականում նոր ընտրական օրենսգիրքն իրական մրցակցություն է ստեղծում։ Թեև անհրաժեշտ է գոնե մեկ ընտրությունով ստուգել ռեյտինգային ընտրակարգը, բայց ես կարծում եմ, որ մրցակցությունը միշտ դրական արդյունքների է հանգեցնում»,- ասում է Ենգիբարյանը։
«Եթե մարդը կողմնորոշվել է կուսակցության կամ դաշինքի հարցում, ընդամենը պետք է վերցնի թերթիկը, որի վրա գրված է անվանումը, դնի ծրարի մեջ և գցի արկղը։ Բայց եթե ունի որևէ նախընտրելի թեկնածու, հետևի մասում գրված է թեկնածուների անունները, պետք է ընտրի նաև նրան»,- նշում է պատգամավորի թեկնածուն։
Նրա կարծիքով` ռեյտինգային ընտրակարգը բավական մեծ հնարավորություններ է ստեղծում հատկապես նորաստեղծ փոքր կուսակցությունների համար։ Պատգամավորի թեկնածուն կարծում է, որ խնդիրներ գուցե առաջանան ավելի խոշոր կուսակցությունների դեպքում, որտեղ թեկնածուները հեղինակություն են վայելում իրենց ընտրատարածքներում։
«Նախկինում մեծամասնական թեկնածուները սովոր էին «կա՛մ հաղթիր, կա՛մ պարտվիր» բանաձևին, այսինքն հաղթում է մեկը։ Այսօր դա չկա։ Միաժամանակ մի կուսակցությունից տեսականորեն կարող է հաղթել մի քանի թեկնածու»,-ասում է Ենգիբարյանը։