«Հրապարակ». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ամեն ինչ խառնվել է իրար
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օհանյան դաշինքում ընդհանրապես ամեն ինչ խառնվել է իրար: Պարզվում է` Սեյրան Օհանյանը, որը դաշինքի վարչապետացուն է այս պահին, դաշինքի՝ պառլամենտ անցնելու դեպքում նույնպես, ինչպես Վարդան Օսկանյանը, հնարավոր է չվերցնի մանդատը: Սակայն, ի տարբերություն Օսկանյանի, նա մնալու է քաղաքականության մեջ։
«Ես գործադիրի մարդ եմ, անելիք չունեմ պառլամենտում, պառլամենտն իմ հագով չէ»,- ասել է նա նեղ միջավայրում` վկայակոչելով Լևոն Տեր-Պետրոսյանի կարգավիճակը. «Ես ևս դրսից կղեկավարեմ դաշինքը, ինչպես նա է ղեկավարել ՀԱԿ-ն այս տարիներին»:
«Հայկական ժամանակ». Շատ «քաղաքական» փոփոխություն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ընդգրկված չէ Ծառուկյան դաշինքի ոչ համամասնական, ոչ ռեյտինգային ցուցակում և հաջորդ ԱԺ-ում նա այլևս չի լինի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատգամավորն ինքը:
«Ես եմ այդպես որոշել, մտածում եմ, որ պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին»,- ասաց նա: Փոխարենը դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ տեղում է նրա որդին՝ Արթուր Մանուկյանը: Հայր Մանուկյանի փոխանցմամբ՝ որդին հիմա մեծաքանակ ներկրումներով և մեծածախ վաճառքով զբաղվող «Մեծ» ընկերության տնօրեն է արտաքին հարաբերությունների գծով:
Արդյոք ինչ-որ խնդիրնե՞ր են առաջացել դաշինքի ներսում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերը համարվող Աբրահամ Մանուկյանն այս ցուցակում չի ընդգրկվել: «Որևէ խնդիր չկա, ես ու Գագիկ Ծառուկյանը նորից ընկերներ ենք: Ես մեր ընտրատարածքում նորից աշխատելու եմ Ծառուկյան դաշինքի օգտին»,- հավելեց նա: Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը նաև Երևանի նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԻՆ փոխնախարար Ներսիկ Նազարյանի փեսան է»:
«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը Շենգավիթում գործի է դրել քրեական աշխարհին. «համակարգողը» Վստրեչի Ապերն է
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Շենգավիթ վարչական շրջանի՝ «Առաջին» և «Երրորդ» մասի հատվածներում ՀՀԿ-ից առաջադրված Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի դեմ մոբիլիզացրել է տարածքի քրեական աշխարհի ներկայացուցիչներին։
Բանն այն է, որ Սարգսյանի եղբայրը այդ վարչական շրջանի ղեկավարն է և համարվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի «մարդը»։
Քրեական աշխարհից այս տարածքում համակարգում է Վստրեչի Ապերը, ով պատասխանատու է նաև Էրեբունի վարչական շրջանի ընտրություններին ներգրավված քրեականների համակարգմամբ։ Հենց քրեականների վրա է դրված բոլոր փողոցների և շենքերի ազդեցիկ մարդկանց հանդիպելու, վախեցնելու և անհրաժեշտության դեպքում ուժով հարցերը լուծելու պարտականությունը»։
«Ժողովուրդ». Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով խորհրդարանական ընտրություններին Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է որպես թեկնածու, անցած շաբաթ այցելել է Թաիրովի դպրոց և հանդիպելով ուսուցիչների հետ՝ հորդորել է իրեն ձայն տալ, որպեսզի «նամուսով ընտրություններ» անցկացնեն:
Մովսիսյանը նաև նշել է, որ իրեն պետք չէ պատգամավոր դառնալ, պարզապես Սերժ Սարգսյանն է ասել, որ թեկնածությունն առաջադրի, որպեսզի ձայներ ապահովի կուսակցության համար: Մովսիսյանը ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ եթե իրեն ձայն չտան, միևնույն է՝ ինքը կարող է լցնելով իր ուզած թիվը գրանցել, բայց չի ցանկանում այդպես վարվել, ավելի լավ է իրեն ընտրեն, քանի որ իրենց համար ևս լավ կլինի:
Լուրի իսկությունը ճշտելու համար փորձեցինք մեկնաբանություն ստանալ պատգամավորից: Վերջինս լսելով այդ մասին՝ նշեց. «Տենց բան չկա, Ձեզ սխալ ինֆորմացիա են տալի»: