ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Բակո Սահակյանը նշել է, որ նոր սահմանադրության հանրաքվեն առաջընթաց քայլ է մեր պետականաշինության ոլորտում՝ համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես մեր երկրում բոլոր նմանատիպ միջոցառումները, կանցնի ազատ եւ թափանցիկ, միջազգային նորմերին ու դրույթներին համապատասխան:
«Սա քայլ առաջ է մեր պետականաշինության գործում, այս տարիները լավագույն ապացույցն են Արցախի անշեղ ճանապարհի, և այս հանրաքվեով Արցախի ժողովուրդն իր հավատարմությունն է ներկայացնում այն արժեքներին, որոնցով առաջնորդվել է այս տարիների ընթացքում»,- ասաց Սահակյանը։
Նա համոզված է, որ այն, ինչ տեղի է ունեցել ազգային-ազատագրական պայքարի տարիների շրջանում, տվել է գերությունից ազատվելու հնարավորություն, ստեղծել է նպաստավոր պայմաններ՝ մեր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու համար, և մենք հաստատուն քայլերով ընթանում ենք դեպի մեր երազած ապագան։
Բակո Սահակյանը խոսել է նախագահի լիազորությունները ընդլայնելու և նախագահի պաշտոնավարումը երկարաձգելու համար։
«Այս քայլով մենք ուզում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մեր երկրի զարգացման և շենացման համար։ Սահմանադրական բարեփոխումները ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելու համար են, այլ կոչված են իրավական մշակույթի պայմաններում տվյալ երկրի կյանքը կառուցելու։ Բոլոր նրանք, ովքեր այլ կերպ են մեկնաբանում, ոչ միայն ճիշտ չեն, այլև՝ ազնիվ չեն»,- ասաց Բակո Սահակյանը։

Արցախի նախագահը նշեց, որ այժմ բոլորը կենտրոնացած են սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ, և դեռ ժամանակը չէ խոսել անցումային փուլի և 2020 թ-ի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։