ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը մտադիր է Հայաստան տեղափոխվել, հայտնում է ԹալիշԻնֆոն` հղում անելով թալիշ բլոգեր Հազար Կազիմովին։
Նա հայտնում է, որ Գուլիևը Facebook-ի իր էջում հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին։
Քաղաքի բնակիչն իր հայտարարության մեջ պատմում է այն մասին, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնազավթել է նրան պատկանող հողատարածքը։ Դրանից հետո տեղի բնակչին կանչել են շրջանային ոստիկանական բաժանմունք և սկսել սպառնալ, որ նա ոչ մի տեղ բողոք չներկայացնի։
Հուսալքված Էլդանիզ Գուլիևը հայտնել է, որ միակ ելքը ստեղծված իրավիճակից՝ Հայաստան տեղափոխվելն է, քանի որ, Գուլիևի խոսքով, Ադրբեջանում նրա բողոքները ոչ ոք, միևնույնն է, չի ուսումնասիրելու։
Ավելի վաղ Հայաստանում ապաստան գտավ Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը։ Նա հայտնել էր, որ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքները կոպտորեն ոտնահարելու պատճառով։