ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Մասնագետների խումբը ժամանել է Այն-էլ-Ֆիջի աղբյուրի մոտ և վերականգնում է ջրային ենթակառուցվածքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ալ-Մայադանին:
Սիրիայի մայրաքաղաքային նահանգի ղեկավար Ալյա Իբրահիմը հայտնել է, որ խմելու ջրի մատակարարումը` Դամասկոսից 15 կմ հեռավորությամբ գտնվող Այն-էլ-Ֆիջի աղբյուրից կվերսկսվի երկուշաբթի:
«Ջրամբարի մաքրման և ջրաչափական աշխատանքներից հետո կմիացվեն ջրմուղ սարքերը», — ասել է նահանգապետը:
Անցյալ տարվա դեկտեմբերին «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները դիվերսիոն գործողություններ էին իրականացրել Դամասկոսում, և քաղաքի բնակիչների համար խմելու ջրի մատակարարումը կտրուկ սահմանափակվել էր:
Նշենք, որ Սիրիայի բանակը հաջողությամբ ավարտել է մերձդամասկոսյան Վադի-Բարադա հովտում իրականացվող գործողությունները և մտադիր է սկսել գրոհայինների զինաթափումը: