«Հրապարակ». ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է. ամենանեղացածը Թոխմախի Մհերն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան Սերժ Սարգսյանը չի շտապում բացել նախընտրական խաղաքարտերը, նույնքան ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է։ Դժգոհ են, որ Սերժ Սարգսյանը չի լինելու ցուցակի առաջին համարը։ «Բա ո՞ւմ համար ենք աշխատելու՝ Վիգենի՞, Արմենի՞»,- դժգոհում են ՀՀԿ-ականները:
Լուրերը, որ Հովիկ Աբրահամյանը չի առաջադրվելու ռեյտինգայինով, կարծես հաստատվում են, նաև տեսակետ կա, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը խառնել է նաև Արգամիչի պլանները, և հնարավոր է նա անգամ հայտարարի, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ:
Ի դեպ, ոչ պակաս տվայտանքների մեջ են նաև մնացյալ ՀՀԿ-ական օդիոզները: Նրանց մեջ ամենանեղացածը Մհեր Սեդրակյանն է, որի որդու ճակատագիրը, ի տարբերություն Արգամ Հովիկիչի (վերջինս Արարատում առաջադրվելու է ռեյտինգայինով), հայտնի չէ, ըստ որոշ խոսակցությունների, նրան չեն առաջադրելու։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ Թոխմախի ուսյալ որդին հայտնվի Ծառուկյանի թիմում»:
«Ժամանակ». Խաչատուր Սուքիասյանը կլինի Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Թերթը գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանը իրեն պատկանող կոնյակի գործարանում է հավաքել ԲՀԿ 62 կառույցների ղեկավարներին, ԲՀԿ պատգամավորներին ու ցուցումներ տվել, ըստ որի՝ պետք է լծվել նախընտրական ակտիվ աշխատանքներին։ Ծառուկյանը հանձնարարել է՝ հենց այսօրվանից մարզային շտաբերում սկսել աշխատանքները։
ԲՀԿ-ի տեղական կառույցների ղեկավարները Ծառուկյանին խնդրել են համագումար անցկացնել և կրկին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։ Վերջինս խոստացել է մտածել։
Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ շտաբում կարևոր դերակատարություն է վերապահվելու Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին, ով 1998թ. մաս է կազմել իշխանական նախընտրական բոլոր շտաբերին։ Նախօրեին հայտնի դարձավ, որ երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։ Նա էլ լինելու է դաշինքի շտաբի պետը»:
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանին գործուղել է Սեյրան Օհանյանի մոտ. ինչ արդյունք են տվել «բանակցությունները»
Թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով տարեվերջին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ և փորձել համոզել նրան, որ չմտնի քաղաքականություն:
Վ. Գասպարյանը նախկին նախարարին հորդորել է հետ կանգնել քաղաքականություն մտնելու քայլից ու մնալ գեներալի բարձունքին: Սակայն Օհանյանը մերժել է Գասպարյանին` հիմնավորելով, թե ոստիկանապետը մի տարի հետո ավելի վատ վիճակում է լինելու, քան ինքը: Ուստի համոզելու կարիք չկա:
«Ժողովուրդ»-ը փորձել է լուրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, որը հերքել է լուրը` ասելով. «Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, ոստիկանության պետը քաղաքականությամբ չի զբաղվում և քաղաքական բնույթի հանդիպումներ չի ունենում»:
Սեյրան Օհանյանին քաղաքականություն մտնելու քայլից հետ պահելու նպատակով նրա հետ հանդիպել էին նաև գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, բայց անօգուտ»:
«Հայկական ժամանակ». Ընտրական փոփոխությունները վտանգված են. իշխանությունը տապալում է
Թերթը գրում է. «Ինչպես և կանխատեսում էր, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հիմնական նորամուծություններից մեկը՝ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրման և քվեարկության ընթացքը ուղիղ հեռարձակելու գործընթացը, ձախողվել է:
Երեկ ավարտվել է այդ գործընթացը սպասարկելու համար ընկերության ընտրությունը, բայց ընդամենը մեկ հայտ է ներկայացվել: Հայ-կանադական Ի Այ Սի Տելեկոմ ընկերությունն այդ գործառույթներն իրականացնելու համար 3,8 միլիոն դոլար է պահանջել, մինչդեռ դոնոր կազմակերպություններն ընդամենը 1,6 միլիոն եվրո են հատկացրել:
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը երեկ չի բացառել, որ ապրիլի 2-ին ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն: Ինչպես ընդդիմությունն էր կանխատեսում, իշխանությունները կարող են տապալել նաև Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունները՝ մրցույթն այնպես կազմակերպելով, որ ընդամենը մեկ ընկերություն հայտ ներկայացնի, այն էլ այնպիսի պայմաններ առաջադրի, որ հնարավոր չլինի դրանք բավարարել:
Ընդդիմության և իշխանության կողմից համատեղ ձևավորած հանձնաժողովի դաշնակցական անդամ Համլետ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր ևս մեկ անգամ պետք է հանդիպեն այդ ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկեն նրանց պայմանները: Միգուցե հրաժարվեն ընտրատեղամասերից դուրս տեսախցիկ տեղադրելու մտքից և այդ սարքավորումները միայն ներսում դնեն»:
«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չլինի հաջորդ խորհրդարանում:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաեւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Փոխարենը Արմավիրի մարզում առաջադրվելու է մյուս գեներալ-պատգամավորը` Սեյրան Սարոյանը: Նրա հեղինակությունը տարբեր հարցումներով ավելի բարձր է:
Իսկ թե Մ. Գրիգորյանին որպես փոխհատուցում ի՞նչ է տրվելու, առայժմ հայտնի չէ: Մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանը միայն հայտարարել է, որ կուսակցությունից նեղացածներ չպետք է լինեն»: