ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Եղանակային պայմանների պատճառով Հայաստանի և Թուրքիայի ուղղությամբ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել բեռնատար մեքենաների համար։
Sputnik Գրուզիան հայտնում է, որ առատ ձյան և մերկասառույցի պատճառով հատուկ ռեժիմ է սահմանվել մասնավորապես Ռազմական-վրացական ճանապարհին, որը Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային ճանապարհն է։
Մցխեթ-Ստեփանծմինա-Լարս կենտրոնական ավտոմայրուղու Մլեթա-Լարս հատվածում, որը դեպի ռուս-վրացական սահման է տանում, արգելված է կցորդով և կիսակցորդով երթևեկությունը։
Մյուս մեքենաների համար ճանապարհն ազատ է։ Նույն ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտի երթևեկությունն իրականացվում է անդադար ռեժիմով միայն ձնահոսքերից պաշտպանված թունելներով, ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսները թունելներում կարող են երթևեկել միակողմանի ռեժիմով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի, Սպիտակի ոլորանները, Ալագյազ-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ, Սոթք-Քարվաճառ, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհները:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները և Բավրայի անցակետը:
Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: