ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. «Սանիթեք» ՍՊԸ-ի սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Երևանի մաքրությամբ զբաղվող «Սանիթեք» ՍՊԸ-ն 26 միլիոն եվրոյի ներդրում է կատարել Հայաստանում:
«Այս պահին 1086 ամբողջական հաստիքով աշխատողներ ունենք, և 9 հարյուր հազար դոլարի ներդրում է կատարվել տնտեսությունում»,-ասաց նա:
Նիկոլաս Թավիլի խոսքով` «Սանիթեքն» ամեն օր 24-ժամյա ռեժիմով 1.2 միլիոն քաղաքացու է սպասարկում:
«Ծառայություն ենք մատուցում Երևանի 12 վարչական շրջաններում և ամեն օր 830 հազար տոննա աղբահանություն ենք իրականացնում»,- ասաց նա` ավելացնելով, որ 8000-ից ավելի աղբամաններ են դրվել Երևանում, բայց ընկերությունը կատարյալ լինելուց դեռ հեռու է. մարդիկ բողոքում են, ու բողոքները հիմնականում վերաբերում են աղբամանների տեղադրմանը:
«Աղբամանները հենց այնպես չեն տեղադրվում, ուսումնասիրություններ են կատարվում, հաշվի ենք առնում շենքի բնակիչների թիվը, հեռավորությունը և այլն: Բողոքների 80 տոկոսը լուծվում է, 20 տոկոսի համար բաց ենք համագործակցության համար»,- ասաց նա:
Նիկոլաս Թավիլը նշեց, որ տոնական օրերին ավելի ինտենսիվ են աշխատելու և պատրաստ են «դիմակայել» տեղումներին։