ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի-Sputnik. էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, գործարար շրջանակների միջև խթանման հետ կապված հարցերը երկու նախագահների քննարկման օրակարգում էին։ ՀՀ նախագահն ընդգծեց, որ Հայաստանն ու Իրանը շահագրգռված են հարուստ կապերի վրա խարսխված բարեկամությունն ամրապնդելու և զարգացնելու։
«Այսօր ստորագրվելիք փաստաթղթերը և ձեռքբերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասաց նախագահ Սարգսյանը։
Նա շեշտեց, որ Հայաստանի և ԻԻՀ միջև ձեռքբերված համագործակցության արդյունքում շարունակվում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը։
«Փոխանակման արդյունքում ՀՀ-ում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից և Երևանում կայացած քառակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունից ելնելով` անդրադարձանք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը, մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքների մուտքը եվրոպական շուկա»,-ասաց ՀՀ նախագահը։
Երկրի ղեկավարի խոսքով` սա Հայաստանով անվտանգ ու ամենակարճ անցումը կլինի և լուրջ խթան կհանդիսանա երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար։ Նախագահը փոխանցեց, որ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ։ Այդ ընթացքում կարևորել են համագործակցության այն հնարավորությունները, որոնք ընձեռում են ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցմամբ։
«Ուզում եմ ընդգծել` մեր երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացումը, մեր ժողովուրդների միջև փոխճանաչելիության բարձրացումը կնպաստի նաև առևտրատնտեսական կապերի խորացմանը».-ասաց Սերժ Սարգսյանը։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված պատմական համաձայնությունների իրագործումն ու Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարը ևս նախագահների քննարկման տիրույթում էին։
Բայց մեր երկրի համար առավել նշանավոր էր հերթական անդրադարձը ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին ուղղված քայլերին։
«Ինչպես միշտ, այս անգամ ևս իմ հարգարժան գործընկերոջը ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ջանքերը, ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռքբերված համաձայնությունները«-ասաց ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր կողմից բարձր է գնահատվում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։
«Մենք վերահաստատեցինք, որ ԼՂ հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում և շեշտեցինք տարածաշրջանում իրավիճակի լարվածության և անկայունության տարածմանն ուղղված ցանկացած քայլի անթույլատրելիությունը»։
Իր խոսքի վերջում նախագահ Սարգսյանը հայտնեց, որ Հասան Ռոհանին իրեն հրավիրել է այցելել Իրան։ Նախագահը շեշտեց, որ հրավերքն ընդունում է հաճույքով։
Նյութի ռուսերեն տարբերակը