«ՀԺ»․ ԱԺ-ում կքննարկվի խաղատների տարեկան տուրքը ավելացնելու հարցը
Դեկտեմբերի 22-ին կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում: ԱԺ արտահերթը խոստանում է բավական հետաքրքիր լինել:
Կառավարությունն արտահերթ նստաշրջան է հրավիրում՝ քննարկելու Պետական տուրքի մասում օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է վիճակախաղերի եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը՝ գործող բազային տուրքի 100.000-ապառիկի չափը, փոխարինել 500.000-ապառիկով: Այսինքն, նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել եւ 100 մլն դրամից դարձնել 500 մլն դրամ:
Այս փոփոխություններն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2017թ. հունվարի 1-ից: Ֆինանսների նախարարությունից մեկնաբանեցին, որ փոփոխությունն արվում է, որպեսզի համապատասխանեցվի Հարկային նոր օրենսգրքի դրույքաչափերին:
Իսկ ընդհանուր առմամբ այս փոփոխության արդյունքում ծանր վիճակում կհայտնվեն, գուցե նաեւ կփակվեն փոքր խաղատները, արդյունքում նորից կշահի Գագիկ Ծառուկյանի Շանգրի Լա խաղատունը կամ Փարավոն զվարճալիքների եւ խաղատնային համալիրը, որն առանց այդ էլ գրավել էր շուկայի 80 տոկոսը:
«Հրապարակ». Ալեքսանյան-Սեդրակյան կոնֆլիկտի արդյունքում վերջինիս տիրույթում «Երեւան Սիթի» է բացվում
Սամվել Ալեքսանյան-Մհեր Սեդրակյան հակամարտության արդյունքում Էրեբունու շուկայի հարեւանությամբ այսօր հերթական «Երեւան սիթիի» բացումը տեղի կունենա։
Ալեքսանյանի մարդիկ հարակից փռատերերին նախազգուշացրել են, որ դադարեցնեն գործունեությունը՝ «սիթին» լավաշի արտադրամաս ունի ու կբավարարի տարածքի պահանջարկը։
Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանը համատեղ որոշել էին վերանորոգել եւ շահագործել Էրեբունու շուկան, բայց ամիսներ առաջ ինչ-ինչ տարաձայնությունների արդյունքում Լֆիկն առանձնացել է ու շուկային հարակից տարածքում գտնվող «Ուրարտու» խանութը գնել, վերակառուցել:
«Փաստ». Երեք մարզպետ, երեքն էլ` «մի օրի»
Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղերում ռեյտինգային ցուցակում մտցնել ոչ բոլոր մարզպետների անունները:
Յուրաքանչյուր մարզում առանձին մոտեցում է պահանջում իրավիճակը: Քանի որ Տավուշում, Լոռիում եւ Գեղարքունիքում իշխող կուսակցությունը ձայների «պակասորդ» ունի, որոշել են հենց այդ տարածքներում դնել մարզպետների թեկնածությունները:
Թող իրենց հեղինակությունը վերականգնելու համար «վազեն, քրտնեն» եւ կուսակցության համար անհրաժեշտ ձայներ հավաքեն:
Արթուր Նալբանդյանը, Հովիկ Աբովյանը եւ Ռաֆիկ Գրիգորյանը կլծվեն ռեյտինգային ընտրապայքարի «սայլին»: Եվ քանի որ այս մարզպետների ռեյտինգը տեղերում առանձնապես չի «փայլում», նրանց սպասվում է դաժան մրցավազք: Երեք մարզպետ են, երեքն էլ «մի օրի:
«ՀԺ»․Էլի նկարեցին․ Վիճակագրական ծառայությունը արձանագրել է աճ գյուղատնտեսության ոլորտում
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած տվյալներով, այս տարվա նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6.3 տոկոս աճ անցած տարվա նոյեմբերի համեմատ: Սա ակնհայտորեն «նկարված» ցուցանիշ է:
Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո գյուղատնտեսության ցուցանիշներում գահավիժում արձանագրվեց: Սեպտեմբերին պաշտոնական տվյալներով գյուղմթերքների արտադրությունը նվազել էր 20 տոկոսով, հոկտեմբերին` 30 տոկոսով:
Ու շատերի կարծիքով կառավարությունը ուղղակի մաքրում էր այդ ոլորտում նախկինում արված հավելագրումները եւ փորձում հնարավորինս իրականությանը մոտ ցուցանիշներ հրապարակել: Սակայն արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազում էր եւ ազդում էր կառավարության վարկանիշի վրա: Նոյեմբերին, փաստորեն, կառավարությունը որոշել է «շտկել» իրավիճակը եւ աճեր ցույց տալու նպատակով կրկին դիմել է ամենազոր «վրձնին»:
«Ժողովուրդ». Եթե չես ուզում խնդիրներ ունենալ, բանանը չպիտի շուկա մտնի. ինքնարժեքով կվաճառես ինձ. զանգ ԴԱՀԿ նախկին պետից
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնեց՝ Ռուսաստանի Դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած գործարարը անհայտ անձանց կողմից ՀՀ տարածքում խոչընդոտների է բախվել, ավելի ուշ օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության վարչությունների աջակցությամբ նրան հաջողվել է իրականացնել ներկրումը:
Ո՞վ էր այդ անհայտ անձը, մինչ օրս հստակ հայտնի չէ, գործով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, տնտեսվարողը հենց մաքսատանը «առեղծվածային» զանգ է ստացել, թե եթե չես ուզում ինձ հետ խնդիրներ ունենալ, բանանը չպիտի շուկա մտնի. ինքնարժեքով կվաճառես ինձ: Զանգը, ըստ լուրերի, ստացվել էր ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, բանանի ներկրման մոնոպոլիստ համարվող Միհրան Պողոսյանից: Վերջինս, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով լուրերը, ասաց. «Ես, ճիշտն ասած, դրա մասով ճշտել եմ, եւ քաղաքացին հերքում է տվել: Դա փաստ է, իմ տեղեկությունները չեն: