168 ժամ. «ԱԺ-ում բաժանվեց ամենամեծ ընտրակաշառքը»
Երեկ Ազգային ժողովը գրեթե դատարկ դահլիճում քննարկում էր Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է քրեականացնել պաշտոնատար անձանց ապօրինի հարստացումը։ Թերթը նկատել է, որ այս օրենքում կա մի «փոքր կետ», որը փոխում է օրենքի տրամաբանությունն ու ընդունման դրդապատճառները։
«Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունիսի 1-ից և հետադարձ ուժ չի ունենալու։ Վերջ։ Մնացածը հեքիաթներ են։ Այս օրենքով իշխանությունն ընդամենը լեգիտիմացնում է անցած 25 տարիներին ապօրինի ճանապարհով հարստացած բոլոր պաշտոնյաներին։Ավելին, կես տարուց ավելի ժամանակ է հատկացվում այն բոլոր պաշտոնյաներին, ովքեր դեռ չեն հասցրել ուզածի չափ հարստանալ։ Առավել ևս, որ առջևում ընտրություններ են, և բոլոր այդ պաշտոնյաները` հարազատ կուսակցությանը լավ ծառայելու դեպքում, մինչև հունիս կարող են լրացնել իրենց կարողությունները»,-գրում է թերթը։
Առավոտ. «Ձեռքս մեկնել եմ, բայց չեմ քվեարկել ուրիշի փոխարեն»
ԱԺ էթիկայի հանձնաժողովի վարույթում «Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը, որը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների` «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանի և Սուքիաս Ավետիսյանի վարքագծին։ Այս առնչությամբ Սուքիաս Ավետիսյանը թերթի հետ զրույցում ասել է.
«Լրացուցիչ փաստեր պետք է տրամադրվեն, որովհետև ես ինքս համարում եմ, որ չեմ քվեարկել։ Դրա համար ապացույցներ են պետք։ Ամեն օր էլ կարող եմ ձեռքս մեկնել համակարգչին, ձեռք մեկնելն այլ է, կոճակ սեղմելը` այլ։ Դա իմ ձեռքն է, բայց ապացուցեք` այդ պահին այլ անձի անունից քվեարկություն եղե՞լ է, թե՞ ոչ»,-գրում է թերթը։
Ժամանակ. «Ահա, թե ինչ»
Թերթի տեղեկություններով` Սեյրան Օհանյանը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է Հայաստանից դուրս` այս տարի օգոստոսին, երբ պաշտոնանկ եղավ Հովիկ Աբրահամյանը, և ակնհայտ դարձավ, որ նոր կառավարություն է ձևավորվելու։
«Հայաստանի հատուկ ծառայություներին շուտով հայտնի է դարձել պաշպանության նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ հանդիպման փաստը։ Մեզ հայտի է, որ Սեյրան Օհանյանի հորդորով Վիկտոր Դալլաքյանը հրաժեշտ է տվել ՀՀԿ-ին և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին` ձեռնամուխ լինելով ծայրահեղ հռետորաբանությամբ ընդդիմադիր ուժի ստեղծմանը։ Վարդան Օսկանյանի հավաստմամբ` Սեյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու որոշում դեռևս չունի, բայց նա, անպայման, ներկա է գտնվելու Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվելիք «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարին»,-գրում է թերթը։
Նախկին օմբուդսմենին Վրաստանում աշխատանք են առաջարկել
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին բարձր վարձատրությամբ աշխատանք են առաջարկել Վրաստանում` մասնավոր ոլորտում։
«Նա հաստատել է մեր տեղեկությունը, սակայն նշել, որ որևէ հավելյալ ինֆորմացիա չունի տրամադրելու։ Վրաստանի մեր աղբյուրներից հաջողվեց պարզել, որ Կարեն Անդրեասյանին աշխատանք են առաջարկել բանկային համակարգում, ավելի կոնկրետ` այնտեղ բացվելիք «Բիբլոս» բանկից»,-գրում է թերթը։