ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող N6 հատուկ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ, զինվորական պարտականությունների կատարման ընթացքում զոհված Ռոբերտ Մկրտչյանի անունով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Կրթօջախում կազմակերպվել է հիշատակի միջոցառում: Դպրոցի հիմնադրման 45-ամյակի առիթով էլ աշակերտների կրթության, դաստիարակության, ինչպես նաև վերջիններիս խնամքի ուղղությամբ տարված աշխատանքների համար Երևանի քաղաքապետի պատվոգրով և շնորհակալագրով են պարգևատրվել դպրոցի տնօրենը, մանկավարժներ և այլ աշխատակիցներ:
Երևանի N87 միջնակարգ դպրոցի դասարաններից մեկն էլ այսուհետև կանվանակոչվի դպրոցի նախկին սան, 1998 թվականին մարտական դիրքերում զոհված Գոռ Օհանջանյանի անունով։
Դասասենյակների բացման հանդիսավոր արարողություններին մասնակցել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, զոհված հերոսների հարազատները, իսկ թիվ 87 դպրոցում` նաև երկրապահ կամավորականների և ազատամարտիկ վետերանների միությունների, «Զինվոր» համակարգող խորհրդի ներկայացուցիչները, համադասարանցիները:
Դասարանում տեղադրվել են Գոռ Օհանջանյանի անձնական իրերը, լուսանկարներն ու նրա մասին պատմող նյութերը։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նաև դպրոցի զոհված սաների հիշատակը հավերժացնող խաչքարին։