ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան ափի տեղական մարմնի նախկին նախագահ Անդրանիկ Բաղդասարյանը հեռուստամարաթոնների պատմության մեջ թվով երրորդ ամենախոշոր նվիրատուն է։
Անդրանիկ Բաղդասարյանը իր և կնոջ` Սեդա Բաղդասարյանի անունից 5 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերեց Հեռուստամարաթոն-2016-ի ժամանակ։ Այդպիսով նա դարձավ հեռուստամարաթոնի պատմության մեջ երրորդ խոշոր նվիրատուն Քըրք Քրքորյանից ու Սամվել Կարապետյանից հետո։
Բաղդասարյանն, ի դեպ, ասել է, որ 26 տարի առաջ Բեյրութից Լոս Անջելես է տեղախոխվել դատարկ գրպանով։
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2016-ն արձանագրեց 15,428.777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Այս տարի հավաքված գումարը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիներին հանգանակված գումարը։
Հեռուստամարաթոնն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում: