ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Հայ դիզայներները Վիեննայում` ՄԱԿ-ի շենքում, կազմակերպել են 2017 թ.-ի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը։ Հագուստը ցուցադրվել է 5900BC միասնական ապրանքանիշի անվան տակ` Ռուսաստանի ու ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման հարցերով կազմակերպության (UNIDO) ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ։
Երկուշաբթի Վիեննայում` ՄԱԿ-ի շենքում, ներկայացված 2017 թ.-ի գարուն-ամառ հավաքածուում գերակշռում են հանգիստ, դեղձագույն, ավազագույն, յասամանագույն, դարչնագույն, սպիտակ և արծաթագույն երանգները։ Բեմահարթակում ցուցադրվել են զգեստներ և վերնազգեստներ, տաբատներ և կիսաշրջազգեստներ, պիջակներ և աքսեսուարներ գալիք սեզոնի համար։
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը ՌԻԱ Նովոստիին ասել է. «Այս նախագծի հիմքում ընկած գաղափարը մեկ ապրանքանիշի տակ է հավաքել թեթև արդյունաբերության ոլորտի մի քանի ընկերությունների, և հետաքրքիր է եղել դիտել, թե ինչպես են այդ ընկերություններն աշխատում միմյանց հետ, ինչպես են դրանք աճել և օգնել միմյանց հասկանալ շուկան»։
UNIDO-ի գործարկած նախագծի շրջանակում Հայաստանում ստեղծվել է դիզայներական կենտրոն, որտեղ իտալացի մասնագետները դասավանդում են հագուստի դիզայն և մոդելավորում։
«Հայաստանի տարածքում անցկացված պեղումների ժամանակ գտել են կիսաշրջազգեստ, որը թվագրվում է մ.թ.ա. 5900 թ.-ին։ Ուստի, այդ ապրանքանիշը կոչվում է 5900BC»,- նշել է գործակալության զրուցակիցը։