ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի-Sputnik. Ապօրինի հարստացման քրեականացման հարցը կառավարության օրակարգում է. այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց հանձնարարված նախագիծը։
Այն դեպքերում, երբ «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձը և առանձին հայտարարագրեր ներկայացնող փոխկապակցված անձինք որոշակի ժամանակահատվածում ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և դա ողջամտորեն չի հիմնավորվում, ապա անձը պիտի պատասխանատվության ենթարկվի ապօրինի հարստացման համար։ Այս մասին հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Այդ անձին հասնում է ազատազրկում 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով»,-ասաց հովհաննիսյանը։
Նախարարն ասաց, որ սահմանվել է որոշակի շեմ, որը գերազանցելը կնշանակի ապօրինի հարստացում։
«Որպեսզի շրջանառությունը, եկամուտները լինեն ավելի թափանցիկ, առաջարկվում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության» մասին օրենքում։ Այդ դեպքում հայտարարագիր ներկայացնող սուբյեկտներն այսուհետ պարտավոր կլինեն ստացած և հանձնած փոխառությունները, դրանց դիմաց վճարներ ստանալը կամ հանձնելը, դրամական միջոցները նվիրատվություն ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքի օտարումից եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց ստացված վճարները, որոնք գերազանցում են 2 մլն դրամը, կատարեն անկանխիկ»,-ասաց նախարարը։
Նախարարը նշեց, որ օրենքով կան եկամուտներ, որոնք հայտարարագրման ենթակա չեն։ Հետևաբար, նախնական 5 միլիոն դրամի շեմը պայմանական կարող է լինել։