Հրապարակ. ՀՀԿ-ն` ընտրությունների նախաշեմին
Թերթը գրում է, որ ընտրությունների հետ կապված խմորումները թեժանում են, ՀՀԿ-ականները «տագնապի» մեջ են՝ տեղ ունենալո՞ւ են արդյոք ՀՀԿ ցուցակում։ Հատկապես ուշագրավ է կանանց պարագան՝ հաջորդ խորհրդարանում նրանց քանակն ավելանում է։
«Տարիներ շարունակ ԱԺ մտնելու ծրագիր ունեցող Նաիրա Նահապետյանը՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, ջերմ հարաբերություններ ունի ՀՀԿ բարձրաստիճան կանանց և հատկապես առաջին տիկնոջ հետ։ Երեկ նա մեզ վստահեցրեց. «Անգամ ժամանակ չունեմ այդ մասին մտածելու», և սկսեց թվարկել իր գերծանրաբեռնված գրաֆիկը, թե ինչպես է ընդունում-ճամփում ռուսական պատվիրակություններին»,- գրում է թերթը։
Իրատես. Ինչ պետք է անի Կարապետյանը ՀՀԿ-ում
Թերթը գրում է, որ ՀՀԿ-ն ամրացնելու ամենաարդիական հարցերից մեկը կապված է Կարեն Կարապետյանի անվան հետ։
«Կանդամագրվի՞ արդյոք բարեփոխումների խորհրդանիշ Կարեն Կարապետյանը ՀՀԿ շարքերին, թե՞ ոչ։ Ինչպես ասում են՝ սա է խնդիրը։ Ուշ թե շուտ Կարեն Կարապետյանը պետք է դառնա կուսակցության փոփոխության առանցքը։ Իսկ դրա համար վերջինս պետք է որևէ կերպ ընդգրկված լինի այդ քաղաքական ուժի մեջ։ Կարեն Կարապետյանի վրա դրված է ՀՀԿ-ն մաքրելու և կուսակցությանը նոր դեմք հաղորդելու խաչը»,- գրում է թերթը։
Ժողովուրդ. Ով է զինված խմբի պարագլուխը
Թերթը գրում է, որ հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից: Պարզվում է` քննությունն այնպես է ընթացել, որ իբրև հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը:
«Երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի և հայր Անտոնի միջև, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգևորականին, թե ով է այս ամենի հետևում: Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը: Շիրխանյանը բղավել է, թե ստում ես, ինչ կապ ունի նա: Քննիչը շարունակել է՝ Դուք պետք է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել է՝ այո: Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգևորականը «վալերյանկա» է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով, թե վատ է զգում, ապա նահանջել է` ասելով ոչ»,- գրում է թերթը:
Հայկական ժամանակ. Եվ կրկին Ծառուկյանի մասին
Թերթը գրում է` ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը հաստատեց, որ կուսակցության համագումարի անցկացման ժամկետը պայմանավորված է նաև Գագիկ Ծառուկյանի որոշման հետ՝ վերադառնալո՞ւ է նա ակտիվ քաղաքականություն, թե՝ ոչ:
«Մեր այն հարցին, թե ո՞վ պետք է Ծառուկյանին խնդրի, Լ. Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ ժողովուրդը չէ, իշխանական համակարգը: Ժողովուրդը երբեք չի կարող խնդրել, ժողովուրդը որոշում է, պահանջում, պարտադրում է»: Նա նկատի է ունեցել այն մարդկանց, որոնք երկիրը բերեցին այս օրին, ինչը կարող է համաժողովրդական դժգոհության ալիք բարձրացնել»,- գրում է թերթը:
Ժողովուրդ. Հայաստանը Թուրքիայից օգնություն ստացե՞լ է
Թերթի գրում է, որ պարզվում է՝ 2015 թվականին Թուրքիան Հայաստանին հումանիտար օգնություն է ցուցաբերել: Այս մասին արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում:
«Պարզեցինք, որ Թուրքիայից Հայաստանի ստացած մարդասիրական օգնությունն իր մեջ պարունակել է կաուչուկ, պլաստմասա, ռետին և նմանատիպ այլ իրեր: Սակայն ամենաարտառոցն ու խնդրահարույցն այն է, որ հայրենի պետական կառույցները` ի դեմս կառավարության և ԱՎԾ-ի, իրար հակասող տեղեկություններ են տրամադրում: ՀՀ կառավարությունը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ կտրականապես հերքեց Թուրքիայից օգնություն ստանալու հանգամանքը. «Թուրքիայի կողմից ոչ մի օգնություն, ինչպես նաև փոխադարձ օգնություն չի եղել»: Ստեղծված հակասության մեջ այդպես էլ անհայտ է մնում իրականությունը»,- գրում է թերթը: