Հայկական ժամանակ․ Պաշտպանության փոխնախարարը նեղացել էր Կորյուն Նապահետյանից
Թերթը գրում է, որ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երեկ նեղացել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից: Նազարյանը մոտ 1.5 ժամ սպասեց ՊՆ նախագծի քննարկման հերթին:
«Իսկ ՊՆ-ի նախագծի քննարկումից հետո արդեն նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չկային, որ քվեարկեին՝ սույն նախագիծն ընդգրկո՞ւմ են լիագումար նիստերի օրակարգ: Հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանն ու Թևան Պողոսյանը Կ. Նահապետյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո հեռացան սրահից: Ա. Նազարյանը նույնպես նեղացած հեռանում էր, բայց իրավիճակը փրկեց Աբրահամ Մանուկյանը: Վերջինիս զանգելով՝ կանչեցին նիստի, որպեսզի հնարավոր լինի դրական եզրակացություն տալ նախագծին: «Արդեն սկսել են քվորում չապահովել»,- դահլիճից դուրս գալով՝ նետեց փոխնախարարը: Նշենք, որ այս հանձնաժողովի անդամներն են գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, նաև Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Կարո Կարապետյանը, որոնք լիագումար նիստերին էլ դժվարությամբ են մասնակցում: Եվ Կ. Նահապետյանի համար խնդիր է նրանց հանձնաժողովի նիստին բերելը»,– գրում է թերթը:
Հրապարակ. Գալուստ Սահակյանը շքեղ առանձնատուն է կառուցում
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է հետ չմնալ մյուս օլիգարխ պաշտոնյաներից շքեղ առանձնատների մասով:
«Աջափնյակ վարչական շրջանում ապրող մեր աղբյուրը պատմեց, որ «Սասուն» ռեստորանի հարևանությամբ մաեստրոն տևական ժամանակ է՝ շքեղ առանձնատուն է կառուցում՝ երկհարկանի, սյուներով: Նկատենք, որ Գրիգորիչն ԱԺ նախագահ դառնալուց հետո չի տեղափոխվել կառավարական առանձնատուն՝ մնալով իր տանը: Բուռն շինարարության փուլում է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատան կառուցումը Վահագնի թաղամասում»,– գրում է թերթը:
Հայկական ժամանակ․ Զինված խմբին ֆինանսավորել է հայր Անտոնը
Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ անցյալ տարի մեծ հնչեղությամբ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: Վերջինս հեղաշրջում սկսելու համար գումար է տվել Արթուր Վարդանյանին:
Հայր Անտոնը Արթուր Վարդանյանին է փոխանցել 70 հազար ԱՄՆ դոլար: Թոթոնջյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է «Ռադիո Մարիամի» լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով: Հիշեցնենք, որ հայր Անտոնը կալանավորվել է, ապա 2 ամիս անց՝ հունվարին, ազատ արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հայր Անտոնը ցուցմունքներում չի հերքել, որ ինքն է խմբին ֆինանսավորել: Մեր տեղեկություններով, 70 հազար ԱՄՆ դոլարը հայր Անտոնին տվել էին Գյումրիում ինչ-որ շենք կառուցելու համար»,- գրում է թերթը:
Ժողովուրդ. «Խոշոր ձկները» ուռկանում
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այս տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բախումների հիմնական դերակատարներ համարվող «խոշոր ձկները» հայտնվել են ուռկանում:
«Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այնտեղ նա ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, թե ինչու էր հայտնվել Սարի թաղում և ինչ էր անում: ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի եղբորորդուն և եղբորը՝ ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանին ևս հարցաքննության են հրավիրել: Հիշեցնենք, որ Լեռնիկ Երանոսյանն այդ օրը լուսաձայնային նռնակը ձեռքին մարտնչում էր ՀՀ քաղաքացիների դեմ: ՀՔԾ-ում են եղել նաև ՀՀ ոստիկանապետի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը՝ Նասկին, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, և մինչ այս հիշատակված շատ այլ անդրդվելի դեմքեր»,- գրում է թերթը:
Հրապարակ. Օհանյան-Դալլաքյան տանդեմի մասին
Թերթը գրում է, որ մամուլում չեն դադարում լուրերը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հետ են պահել քաղաքական նկրտումներից, ու նա որևէ առնչություն չի ունենալու Վիկտոր Դալլւսքյանի կողմից ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը։
«Սակայն Դալլաքյանի շրջապատից հակառակն են ասում՝ որ Դալլաքյան-Օհանյան շփումները շարունակվում են, ու դեկտեմբերին կկայանա կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ Օհանյանը կհայտարարի իր ծրագրերի մասին։ Իսկ նախնական փուլում այս տանդեմը բաց առճակատման չի գնա իշխանության դեմ»,-գրում է թերթը։