ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Քաղաքական գործիչը նախընտրական արշավի ժամանակ խոստում է տալիս և գուցե պատրաստվում է կատարել այն, սակայն պաշտոնը ստանալուց հետո հասկանում է, որ ինչ-ինչ իրավիճակներից ելնելով` չի կարող կատարել իր խոստումը, և դա ստի մասնագետները սուտ չեն համարում, նշեց Գոռ Սարգսյանը։
«Սուտ է համարվում այն, երբ մարդը տվյալ պահին կեղծում է իրականությունը և կեղծ ինֆորմացիա է տալիս»,- պարզաբանեց նա։
Նրա խոսքով` հասկանալու համար` մարդը պատրաստվու՞մ է կատարել խոստումը, թե՞ ոչ, պետք է իրականացնել ավելի խորը ուսումնասիրություն` պրոֆայլինգ։
«Մենք պետք է ունենանք կոնկրետ մարդու օրինակը, իմանանք նրա հոգեբանությունը, ինչ քայլերի է նա պատրաստ, ինչ բնավորության գծեր, ինչ արժեքներ ունի։ Պրոֆայլինգը թույլ է տալիս իմանալ, թե տվյալ մարդն ինչ վարք կդրսևորի սթրեսային և ոչ սթրեսային իրավիճակներում»,- նշեց նա։
Նրա խոսքով` ժամանակակից աշխարհը պահանջում է, որ մարդը լինի դիտորդ, ոչ թե հույզերով առաջնորդվի։ Պետք է հիշել, թե տվյալ կուսակցության առաջնորդներն ինչ վարք են ցուցաբերել, ինչ ճանապարհ են անցել, ինչ խոստումներ են տվել ու կատարել, պետք չէ լինել մասնագետ` հասկանալու այդ ամենը։
«Չես կարող իմանալ, օրինակ, թե ուժը, որն իշխանություն չի ունեցել, ինչպես կկառավարի, եթե գա իշխանության, արդյո՞ք նա բոլոր խոստումները կկատարի։ Եթե ինչ-որ մի բան չենք ապրել, փորձ չունենք, չենք կարող հստակ որևէ բան ասել։ Կարևորը փորձն է»,- ընդգծեց մասնագետը։
Նա հերքեց այն տարածված կարծիքը, թե մարդու որոշ շարժումներից կարելի է իմանալ` նա ստու՞մ է, թե՞ ոչ. «Դա միֆ է, գիտական չէ, անհրաժեշտ է կոմպլեքս հետազոտություն»։
Սակայն մասնագետները կարող են ամբոխի մեջ տարբերել հնարավոր հանցագործին։
«Օդանավակայանում, օրինակ, կան պրոֆայլերներ, որոնք հենց արտաքին տեսքից հասկանում են` տվյալ մարդը մյուսներին վնաս կհասցնի՞, թե՞ ոչ, նրա մոտ վնաս հասցնող իր կա՞, թե՞ ոչ։ Դա արվում է սովորական հարցեր տալու միջոցով»,- ասաց նա։
Օրինակ` պարզ հարցեր տալիս կարելի է հասկանալ, որ մարդն իր ներքին աշխարհում է։ Նրա մոտ կա ագրեսիա և զզվանք, հենց դրանից է սկսվում հարձակում գործելու ցանկությունը։ Նույնիսկ կան տեսագրություններ, որտեղ երևում է, թե մարդը դեմքի ինչ արտահայտությամբ է գնում հարձակման։
«Եվ եթե դեմքի այդ արտահայտությունն ուսումնասիրենք, կարող ենք հասկանալ` տվյալ մարդը վնաս կհասցնի՞, թե՞ ոչ։ Մոտ 80 տոկոս դեպքերում նա վնաս է հասցնում։ Օրինակ` հոնքերը ներքև է իջեցնում, աչքերի շուրջ ձգված է և այլն»,- նշեց ստի մասնագետը։
Այլ է վիճակը ահաբեկիչների դեպքում, քանի որ նրանք հոգեբանական պատրաստվածություն են անցնում։
«Օդանավակայանում ահաբեկիչը կարող է չափազանց հանգիստ լինել, գնում է դեպի շատ մարդիկ, մի խոսքով` տարօրինակ վարքագիծ ունի. կամ շատ հանգիստ է, կամ` շատ լարված։ Երբ շատ հանգիստ է, մենք կտեսնենք ուրիշ փոփոխություն` շնչառական փոփոխություն, միկրոմիմիկաներ, վախ, որ կարող է իրեն հայտնաբերեն»,- նշեց նա։
Նրա խոսքով` կա նաև ընկճված վիճակ, երբ մարդն ունի «կրիայի քայլվածք»` գլուխը և ուսերը ներքև, նայվածքը ներքևից դեպի վերև, շնչառության փոփոխություն, խոսելիս բերանը չորանում է։ Սակայն այդ ամենը հասկանալու համար պետք է խորը գիտելիքներ ունենալ, մասնագետ լինել, սովորական մարդը չի կարող հասկանալ։