ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Երեկ ուշ երեկոյան Մոսկվայի «Սիթիբանկի» բաժանմունքը գրաված տղամարդուն կալանավորելու միջնորդությունը կներկայացվի առաջիկայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովային։
«Քննչական կոմիտեն շուտով կմիջնորդի, որպեսզի տղամարդուն կալանավորեն»,- ասել է Իվանովան։
Սնանկացած գործարար Արամ Պետրոսյանը չորեքշաբթի գիշերը գրավել է Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղը և պատանդ վերցրել ներսում գտնվողներին։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, տղամարդու ձեռքում կեղծ պայթուցիկ սարք է եղել:
Ըստ որոշ տվյալների, նա զբաղվել է բժշկական ապրանքի արտադրությամբ և սնանկացել։ Սկզբում հաղորդվում էր, որ նա չորս հոգու է պատանդ վերցրել, սակայն հետագայում պարզվել է, որ նրանք վեցն են եղել։
Բոլոր պատանդներն աստիճանաբար ազատ են արձակվել, որից հետո Պետրոսյանը հանձնվել է ոստիկանությանը։ Պայթուցիկ սարքը իրականում աղի տուփ է եղել: Գրավման ժամանակ տղամարդը պահանջել է, որ իր կոչը ցուցադրեն հեռուստատեսությամբ: Նա փորձել է այդ կերպ ուշադրություն հրավիրել իր խնդրի և բոլոր սնանկացած ձեռնարկատերերի վրա։