ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, հայտնում են ԱԻՆ-ից:
Մասնավորապես՝ Երևանի Ֆուչիկի փողոցում՝ «Արմենիա» ՀԲԿ-ի մոտակայքում, այրվել է մոտ 700 քմ խոտածածկ տարածք, Մուշավանի ամառանոցների վերջնամասում՝ մոտ 800 քմ, ենթակայանի մոտակայքում՝ 1 հա բուսածածկույթ, Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում` մոտ 500 քմ խոտածածկ տարածք, հրդեհներ են գրանցվել մայրաքաղաքի այլ վայրերում ևս։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Գոռավան գյուղի Գրիգոր Նարեկացի փողոցի մոտակայքում՝ մոտ 2 հա, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի 6-րդ փողոցում՝ մոտ 7000 քմ, մյուս մարզերում ևս տասնյակ հրդեհներ են գրանցվել։
ԱԻՆ-ից զգուշացնում են, որ օգոստոսի 22-26-ը ևս հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում` նաև բարձր կարգի հրդեհային իրավիճակ:
Հանրապետության տարածքում` 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը և՛ հանրապետության մարզերում, և՛ Երևանում կհասնի 38 աստիճանի։