ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռիո դե Ժանեյրոյում Նորվեգիայի հավաքականի դեմ կիսաեզրափակչի խաղն ամենալարվածն, ամենասրընթացն ու ամենադժվարն էր, ասաց Ռուսաստանի հանդբոլի կանանց հավաքականի անդամ Օլգա Հակոբյանը։
Հինգշաբթի կիսաեզրափակչում ռուս մարզուհիները 38:37 հաշվով հաղթեցին վերջին երկու Օլիմպիադաների հաղթող Նորվեգիայի հավաքականին։ Շաբաթ օրը Ռուսաստանի հավաքականը կխաղա Ֆրանսիայի հավաքականի դեմ։
«Նորվեգուհիների վերջին գրոհի ժամանակ մենք մտածեցինք, որ ևս մեկ լրացուցիչ ժամանակ կլինի, բայց տեսանք, որ գնդակը դարպասում չհայտնվեց։ Այդ ժամանակ զգացմունքները հորդացին, սկսեցինք արտասվել, երանության մեջ էինք։ Սա ամենալարված, ամենասրընթաց, ամենաերկար ու ամենադժվար խաղն էր։ Խաղ` հանուն մեդալների։ Բայց եզրափակիչը նույնպես հեշտ չի լինի»,- ասաց Հակոբյանը լրագրողներին։
Հարցին, թե որն է Ռուսաստանի հավաքականի ամենաուժեղ կողմը, Հակոբյանն ասաց. «Մեր ամենաուժեղ կողմն այն է, որ մենք իսկապես թիմ ենք, ունենք փոխարինողներ։ Մենք կարող ենք միմյանց փոխարինել ցանկացած պահի»։