Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների խնդիրներով զբաղվող փորձագետ Սեմյոն Բաղդասարովը Sputnik-ին հայտնել է, որ Ռուսաստանը պետք է հետխորհրդային տարածքը սեփական կենսական շահերի գոտի հայտարարի և որոշ երկրների նկատմամբ շտկի քաղաքականությունը:
- Դուք առաջադրել եք ձեր թեկնածությունը Պետդումայի ընտրություններում: Ի՞նչ խնդիրներ եք լուծելու պատգամավորական աթոռը զբաղեցնելու ժամանակահատվածում:
— Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանը պետք է հետխորհրդային տարածքը սեփական կենսական շահերի գոտի հայտարարի, և այնտեղ,ցանկացած որևէ այլ պետության ներթափանցում, լինի ԱՄՆ-ն, Չինաստանը կամ Թուրքիան, պետք է չափազանց բացասական ընկալվի: Պետք է անհատական քաղաքականություն մշակել տարբեր երկրների նկատմամբ, շատ ակտիվ աշխատել հետխորհրդային տարածքում:
- Ձեր կարծիքով` Ռուսաստանը վերջին տարիներին կրճատե՞լ է իր ազդեցությունը հետխորհրդային երկրներում:
— Այժմ մենք յուրաքանչյուր երկրի հետ աշխատելու ամբողջական ծրագիր չունենք: Ռուսաստանը փաստորեն կորցրել է Կենտրոնական Ասիան: Չինաստանը կուլ է տալիս Տաջիկստանին, իսկ Ռուսաստանն այնտեղ կտրուկ կորցնում է իր դիրքերը: Ուզբեկստանը նույն քաղաքականությունն է վարում ՌԴ-ի նկատմամբ: Այսօրվա դրությամբ, եթե նույնիսկ կա որևէ կառչելու տեղ Կենտրոնական Ասիայում, դա Ղրղըզստանն է:
Իրական վիճակը պաշտոնական վիճակագրության մեջ չի երևում: 1996 թվականին ես, լինելով ԱՊՀ գործերով զբաղվող նախարարության` Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ համագործակցության վարչության պետ, խորը վերլուծություն եմ անցկացրել` օգտագործելով իմ հնարավորությունները, և պարզվել է, օրինակ, որ Տաջիկստանից իրական արտադրանքը, այն է` ալյումինն ու բամբակը, անցնում են Ռուսաստանի կողքով:
- Կովկասու՞մ էլ է նույն իրավիճակը:
— Եկեք օբյեկտիվ լինենք: Վրաստանը վաղուց է դուրս եկել Ռուսաստանի ազդեցության գոտուց: Ադրբեջանը միտված է դեպի Թուրքիա, թեև ՌԴ-ի հետ սերտ կապեր ունի:
Հայաստանը միակ երկիրն է, որը պահպանում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահները. այստեղ կա երեք սահմանային ջոկատ և սահմանային հրամանատարություն «Զվարթնոց» օդանավակայանում: Սակայն այստեղ էլ մենք զիջում ենք ամերիկացիներին, քանի որ հայերի շրջանում աշխատանք, որպես այդպիսին, չի տարվում: Ռուսաստանը հարկ եղածի չափով չի աջակցում ռուսական դպրոցների գործունեությանը, որտեղ շատ հայ ընտանիքներ կցանկանային, որ իրենց երեխաները սովորեին, աշխատանք չի տարվում երիտասարդների հետ, մամուլի հետ:
- Ի՞նչ է անում ԱՄՆ-ն իրենց ազդեցությունը Հայաստանում ավելացնելու համար:
— Բոլորը զարմանում են, որ փոքր Հայաստանում ամերիկյան դեսպանատունը երկրորդն է տարածքով և քանակով: Իրականում զարմանալի չէ. Հայաստանը չխորտակվող ավիակիր է, որն առավելագույնս մոտեցված է Մերձավոր Արևելքին: Ամերիկացիներն իսկապես այդ երկրին մեծ ուշադրություն են դարձնում և անում են ամեն ինչ, որպեսզի այնտեղից հեռացնեն Ռուսաստանին:
Եթե ամերիկացիները հաջողության հասնեն Հայաստանում, ապա 200 տարվա ընթացքում առաջին անգամ Մոսկվայի ազդեցությունը Հարավային կովկասում նվազագույնի կհասցվի: Դա Ռուսաստանի աշխարհաքաղաքական ամենախոշոր պարտությունը կլինի: Հենց այդ պատճառով էլ ամերիկացիներն այնտեղ աշխատում են ամենատարբեր կառույցների միջոցով:
Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ի նախկին քաղաքացին, ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը հավաքել էր 38%` ամերիկամետ դիրքորոշում ունենալով: Ես չեմ զարմանում, եթե նույնիսկ այսօր, խորհրդարանական համակարգի պարագայում հաղթի ընդդիմությունը` ի դեմս այն կուսակցությունների, որոնք զբաղեցնում են, ասենք, ոչ այդքան ռուսամետ դիրքորոշում: Եվ վերջ, այդ պարագայում, Ռուսաստանն ամբողջությամբ կկորցնի իր ազդեցությունը հանրապետությունում:
Կորուստներ կլինեն, եթե Ռուսաստանը մոտ ժամանակում չկողմնորոշվի, թե ովքեր են իր իրական դաշնակիցները Հարավային Կովկասում: Իսկ ի՞նչ է նշանակում կորցնել Հարավային Կովկասը: Դա Կասպից ծովն է, Հյուսիսային Կովկասի հետ սահմանը, ելքը դեպի Իրան և Թուրքիա, ինչպես նաև` Մերձավոր Արևելք:
- Հարցս ուղղում եմ Ձեզ` որպես Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների խնդիրներով զբաղվող փորձագետի: Հիմա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վերականգնվում են ճգնաժամից հետո: Կարո՞ղ եք արդյոք կանխատեսումներ անել, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել:
— Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման հետևում գործարարներն էին կանգնած, այն գործարարները, որոնք շահագրգռված են «Թուրքական հոսք» նախագծով և իրենց ատոմակայանի շինարարությամբ: Բիզնեսի համար պետության շահեր չկան, առավել ևս ազգային անվտանգության հետ կապված շահեր:
Ինձ ամենից շատ անհանգստացնում է Սիրիայի իրավիճակը: Թուրքիան առանցքային դեր է խաղում, քանի որ իր տարածքն է տրամադրում գրոհայիններին: «Ջեբհաթ ան Նուսրայի» պես կազմակերպությունը, որն այսօր կոչվում է «Ջեբհաթ Ֆատահ աշ Շամ», օգնություն է ստանում թուրք-սիրիական սահմանին Ազազ քաղաքով անցում կատարելու միջոցով:
Մենք դեռ միայն լսում ենք այն մասին, որ սահմանը փակելու ռուս-թուրքական հանձնաժողով է ստեղծվել: Փաստացի սահմանը փակ չէ, ահաբեկչական կառույցը Թուրքիայի տարածքում շարունակում է գործել, իսկ «Ջեբհաթ ան Նուսրային», որոշ տվյալների համաձայն, շատ լավ է վերաբերվում անձամբ պարոն Էրդողանը:
Եվ եթե մենք լավացնում ենք հարաբերությունները, պետք է դնել ահաբեկչական կառույցների վերացման հարցն ու այն, որ Թուրքիան հրաժարվի աջակցել Սիրիայի հյուսիս-արևմուտքում և հատկապես Հալեպի շրջանում գործող ահաբեկչական կազմակերպություններին: Այս հարցը դեռ վաղուց պետք է բարձրացված լիներ:
- Ձեր ծնողներն արմատներով Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից են, սակայն դուք ծնվել եք Ֆերգանայում: Ո՞ր ազգի ներկայացուցիչ եք դուք Ձեզ համարում:
— Ազգանունս Բաղդասարով է, քանի որ նախնիներս ավելի քան 200 տարի առաջ ծառայել են Ռուսական կայսրությանը:
Ազգանունը ռուսական վերջավորություն է ստացել ծառայության անցնելու ժամանակ, շատերին մկրտել են Ռուսական ուղղափառ եկեղեցում: Այստեղից էլ ռուսական քաղաքականության մեջ հայտնվել են այնպիսի կարկառուն գործիչներ, ինչպիսիք են Միխայիլ Լորիս-Մելիքովը, Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում կովկասյան բանակի հրամանատար, Ալեքսանդր II մտերիմ զինակիցը: Այստեղից են սերել Կովկասյան բանակի գրեթե բոլոր հրամանատարները: Մի շարք մարդիկ, որոնք իրենց կյանքը կապեցին Ռուսական կայսրության հետ:
Նախնիներս Հայաստանից են: Հայրս` Լեռնային Ղարաբաղից, մայրս` Զանգեզուրից: Ես ծնվել եմ Միջին Ասիայում: Ինձ կայսերական խորհրդային մարդ եմ համարում, քանի որ ինձ համար կարևորը ոչ թե մարդու ազգությունն է, այլ` պետությունը` որպես կայսրություն:
Դենիկինը գրում էր, որ մի անգամ Ռուսաստանի կայսրության դումայում հարց են բարձրացրել այն մասին, թե բանակի ղեկավարության շարքում շատ են ոչ ռուսական ազգանունով մարդիկ: Ի պատասխան սրա` նա ներկայացրել է ռազմական նախարարության պաշտոնական տեղեկագիրը. «Ռուս պետք է համարել ոչ թե նրան, ով ռուսական ազգանուն ունի, այլ նրան, ով պատրաստ է իր կյանքն ու ճակատագիրը զոհել հանուն Ռուսական կայսրության»:
Այս խոսքերն ուղղված են այն մարդկանց, որոնք բնակվում են Ռուսաստանում, օգտվում բոլոր բարիքներից, սակայն, չգիտես ինչու, բոլորովին մեկ այլ երկիր են սիրում: Այն երկիրը, որը խոցեց մեր Սու-24-ը: