ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-Sputnik. Օգոստոսի 1-ից հայաստանյան սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 1 ԿՎտ-ի արժեքը նվազել է 2.58 դրամով, սակայն հաշվի առնելով, որ մեկ տարի առաջ այն արդեն թանկացել էր 6.93 դրամով, բայց կառավարության կողմից սուբսիդավորվելու արդյունքում սպառողների մեծ մասի համար մնացել էր անփոփոխ, ստացվում է, որ այն այժմ 4.35 դրամով թանկացել է:
Նման կարծիքի է Սպառողների միության նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Սակագների նվազեցումը կարելի է սիմվոլիկ համարել: Այդքան բարձրացումից հետո 2.58 նվազեցումը կարելի է ասել՝ ոչ մի բան էր: Չնչին գումար, որ ավելի ճիշտ բարձրացում էր, քան նվազեցում»- ասում է նա:
Այն, որ էլեկտրաէներգիայի սակագինն իրականում ոչ թե նվազել, այլ բարձրացել է, թերևս ընդունում է նաև կառավարությունը: Այդ է պատճառը, որ թանկացման սոցիալական հետևանքները մեղմելու համար կառավարության նախորդ նիստում որոշում կայացվեց Հայաստանի 112 300 ընտանիքների լրացուցիչ ծախսերը փոխհատուցելու համար սոցիալական նպաստներն ավելացնել 1000 դրամով: Այս նոր սուբսիդավորումը, սակայն, Կարեն Չիլինգարյանի համոզմամբ` ևս բավարար չէ հերթական թանկացման հետևանքները մեղմելու համար:
Ի դեպ, ՊՊԾ գնդի գրավման հետ կապված վերջին իրադարձությունները, Չիլինգարյանի համոզմամբ, հենց սոցիալական խնդիրների հետևանքով անվերջ աճող դժգոհությունների հետևանք են:
«Սակագների այսպիսի չհիմնավորված տարբեր թանկացումներն են բերում ժողովրդի դժգոհությունների, ընդվզումների: Այնպես որ եթե մեր իշխանություններն ուզում են, որ ժողովուրդն ավելի հանդարտ լինի, նման իրադրության մեջ չընկնենք, պետք է ավելի ճկուն մոտենան սոցիալական խնդիրներին»,- ասաց Չիլինգարյանը՝ միաժամանակ նշելով, որ թանկացումների ալիքը միայն էլեկտրաէներգիայով չի սահմանափակվի և կտարածվի նաև առաջին անհրաժեշտության ապրանքների, հատկապես` հացի ու Հայաստանում արտադրվող սննդամթերքի վրա:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը, թեև չի կարծում, որ Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա ապրանքների գների վրա, բայց և համակարծիք է, որ հասարակական բողոքների հիմնական պատճառը սոցիալական անհավասարությունն ու չհիմնավորված թանկացումներն են:
«Կառավարությունը, իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն, որովհետև այս տարվա մի քանի դեպքերն արդեն ցույց տվեցին, որ իրարից անկախ կամ գուցե և շաղկապված, բողոքի տարբեր արտահայտություններ եղան, ու, եթե կառավարությունը դրանից հետևություններ չանի, դրանք չեն նվազի ու կշարունակվեն քաղաքացիական միտինգների տեսքով»,- ասաց Մակարյանը՝ կարծիք հայտնելով, որ սոցիալական դժգոհություններից բխող ընդվզումները, քաղաքացիական բողոքի ակցիաները դեռ կշարունակվեն, առնվազն՝ մինչև 2017թ-ի գարնանը նախանշված խորհրդարանական ընտրությունները: