ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի- Sputnik. Այսօրվանից գիշերային ժամերի համար գործող 31.85 դրամի և ցերեկային ժամերի համար գործող 41.85 փոխարեն շարքային սպառողները վճարելու են համապատասխանաբար 36,2 և 46,2 դրամ։
Հուլիսի 29-ի նիստում ՀՀ կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար սոցիալական նպաստի չափը բարձրացրեց 1000 դրամով, որպեսզի 112 հազար 300 ընտանիքի հատուցի էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնահատականով` մեկը ընտանիքն ամսական սպառում է միջինը 202 կվտ էլեկտրաէներգիա (ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ):
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության` հուլիսի 29-ի նիստում հիշեցրեց, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել էր 6,93 դրամով, ՀՀ կառավարությունը և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը քննարկել ու պայմանավորվել էին այդ ավելացումը փոխհատուցել երկուստեք:
«Էլեկտրաէներգիայի սակագինն այս տարվա օգոստոսի մեկից նվազել է 2.61 դրամով, փաստորեն սակագինը թանկանում է 4,35 դրամով: Հարցը քննարկել ենք նաև Հանրապետության նախագահի հետ և այդ ծախսը կառավարությունը վերցնում է իր վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով պետբյուջեից այս տարի հատկացվելու է 567 մլն դրամ, իսկ գալիք տարի՝ 1 մլրդ 157 մլն դրամ: