ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Վիրավոր երեխաներից մեկին` Վարդան Անդրեասյանին, տեղադրել էին արտաքին ֆիքսացիայի սարք։ Վիրահատությունը հաջող է ավարտվել, երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Ստեփանակերտի «Արևիկ» բուժհաստատության գլխավոր բժիշկ Մեսրոպ Մարգարյանը։
«Այդ սարքի տեղադրման ժամանակ հանվել է նաև մեկ այլ` կմախքի ձգման սարք և արդեն մի քանի օր անց երեխան կկարողանա ոտքը գետնին դնել ու քայլել», — ասաց Մարգարյանը։
Վիրահատությունը, նրա խոսքով, երկու ժամ է տևել, և նման վիրահատական միջամտության համար սա բավական լավ ցուցանիշ է։ «Ամեն ինչ հաջող է անցել, այժմ նա մասնագետների վերահսկողության տակ է գտնվում։ Ինչ վերաբերում է մյուս երեխային, նա գտնվում է ընդհանուր նարկոզի տակ», — ավելացրեց բժիշկը։
Նա նշեց, որ Գևորգ Գրիգորյանի վիրահատությունը նույնպես ավարտված է։ Բժիշկը հաստատում է, որ այլևս վիրահատություն անցկացնելու անհրաժեշտություն չկա, պարզապես ամեն օր փոխվում է վիրակապը։