ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժացումը շատ վտանգավոր է Ռուսաստանի համար, ոչ միայն այն պատճառով, որ լարվածության լրացուցիչ աղբյուր է Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում` Կովկասում, այլև լուրջ հետևանքներ կունենա, ասաց քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է բարձրացվի նաև ՀԱՊԿ և ԵՏՄ ձևաչափերում։ Այնտեղ բավական բարդ դիրքորոշումներ ունեն տարբեր կողմերը, և դրանք հեռու են միասնական լինելուց։ Եվ այդ իրավիճակում Ռուսաստանի համար բավական դժվար կլինի», — նշեց Մարկեդոնովը։
Նա նշեց, որ եթե խոսենք բուն հակամարտության մասին, ապա, իհարկե, Ռուսաստանը պետք է սատարի իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին, սակայն Ադրբեջանը Ռուսաստանի համար բավական կարևոր գործընկեր է, և նրա հետ այս պահին հարաբերություններ փչացնել չարժե։
Քաղաքագետը նաև նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Թուրքիայի, Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի ընդհանուր բարդ իրավիճակը և առավել ևս այն, որ Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները Կովկասում բավական խնդրահարույց են։
«Ռուսաստանի ղեկավարությունը, կարծում եմ, ջանքեր կգործադրի, որ նվազագույնի հասցնի լարվածությունն ու կանգնեցնի դիմակայության աճը։ Սա է տրամաբանությունը։ Կարծում եմ, որ Ռուսաստանը չի սահմանափակվի ՄԽ ձևաչափով, դա բավարար չէր լինի։ Քանի որ ՄԽ դիվանագետների գործառույթները բավարար չեն նման միջադեպերը կանխելու համար», — ասել է քաղաքագետը։
Մարկեդոնովը շփման գծի լարվածությունն անվանել է «մարզիկների լեզվով ասած` նոր բարձունքի նվաճում»։
«Պարզապես այս բարձունքը սպորտային բարձունք չէ, այլ զինված դիմակայության բռնության բարձունք։ Զինադադարի մասին ստորագրած համաձայնագրի պահից ի վեր այս 22 տարվա ընթացքում նման բան չէր եղել։ Առավել ևս այս քանակի տեխնիկայով, ծանր սպառազինությամբ, այսքան զոհեր։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ Ռուսաստանի ամբողջ տրամաբանությունը ուղղված է նրան, որ կանգնեցնի այդ ալիքը և ակտիվացնի բանակցային գործընթացը», — ասաց նա։
Ռուսաստանը, նրա խոսքով, կոշտ տարաձայնություններ չունի այս հարցի շուրջ, և դա «հույս է ներշնչում»։ ԱՄՆ-ն նույնպես շահագրգռված չէ, որ լարվածությունն աճի ու իրավիճակը թեժանա։
Մարկեդոնովը նաև մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի վերջերս կայացած հանդիպումը և այն բանի հնարավորությունը, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են համաձայնեցված գործողություններ իրականացնել Ռուսաստանին ներգրավելու համար։
«Ես այդ ամենն իրար այդքան էլ չէի կապի, սակայն կարող է նաև որոշակի կապ լինել, չէ՞ որ Ադրբեջանը երկար ժամանակ ցույց էր տալիս, որ որքան էլ կախված է Թուրքիայից, այնուհանդերձ «թութակի» դիրքորոշում չունի։ Ես զգացմունքային ֆոնին հրատապ ենթադրություններ չէի անի, որ սա մարտի 19-ին կայացած հանդիպման անմիջական հետևանք է», — բացատրել է Մարկեդոնովը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է ձեռնարկել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել։