ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվում, որպեսզի բացառվի անօրինական ճանապարհներով թուրքական ապրանքի ներկրումը Ռուսաստան, ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Analitik.am-ին տված հարցազրույցում:
Ռուսաստանը տնտեսական հատուկ միջոցներ է մտցրել Թուրքիայի նկատմամբ։ Այս որոշումը կայացվել է` ի պատասխան ռուսական Սու-24 ռմբարկուի խոցմանը։ Արգելվել է տարբեր տիպի թուրքական ապրանքի ներմուծումը։
«Մենք չենք բացառում, որ թուրքական արտադրանքը կարող է ռուսական շուկա ներթափանցել այդ թվում Ադրբեջանի միջոցով, և նախաձեռնում ենք անհրաժեշտ գործողությունները, որպեսզի բացառենք այդօրինակ ճանապարհներով թուրքական ապրանքների անլեգալ ներկրումը»,- նշեց դեսպանը:
Վոլինկինը հայտնեց, որ ՌԴ նախագահի 2015 թ. նոյեմբերի 28-ի N 583 հրամանագրի և կառավարության 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 1296 որոշման համաձայն` բոլոր մաքսային մարմինները, այդ թվում` ռուս-ադրբեջանական սահմանին գտնվողները, ուշադրության կենտրոնում են պահում և արգելում հրամանագրում և որոշումներում թվարկված թուրքական ծագմամբ ապրանքների կոմերցիոն խմբաքանակի ներմուծումը: