ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Արվեստաբանները հայտնաբերել են Հյուսիսային Վերածննդի վարպետ Հիերոնիմոս Բոսխի ստեղծագործություններից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրեսսին։
Նկարը 1930-ականներից գտնվել է Կանզաս Սիթիի Նելսոն Աթքինսի թանգարանում, և ենթադրվում էր, պատկանում է Բոսխի աշակերտներից մեկի վրձնին։ Սակայն միջազգային փորձագետների խումբը հինգ տարի շարունակ ուսումնասիրելու հետո եզրակացրել է, որ նկարի հեղինակը հենց Բոսխն է։
Հիերոնիմոս Բոսխի բարդ և հակասական արվեստը ձևավորվել է նիդեռլանդական գեղանկարչության ճգնաժամի պայմաններում։ Իր կրոնական, այլաբանական, ժանրային կոմպոզիցիաներում Բոսխը միջնադարյան ֆանտաստիկական, մռայլ դիվային կերպարները յուրովի զուգորդել է բանահյուսական, երգիծական ու բարոյախոսական միտումներին, ժողովրդական տիպերի և բնության ռեալիստական մեկնաբանությանը («Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը», «Խոտով բեռնված սայլը», «Հաճույքների պարտեզը» եռանկարները)։ Բոսխի նորարարական միտումները հող են նախապատրաստել նիդեռլանդական բնանկարների և կենցաղային ժանրի ձևավորման համար։