ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, հայտնում են Արդարադատության խորհրդի աշխատակազմից։
Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածով, դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին` դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին` նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ:
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ (ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մաս)` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում վերաքննիչ դատարանի նախագահ կարող են նշանակվել միայն նույն դատարանի դատավորները` առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, ուստի միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորները հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև սույն թվականի փետրվարի 8-ը /երկշաբաթյա ժամկետում/ կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին: