ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվելիք «Եվրատեսիլ 2016» մրցույթում հայ մասնակից Իվետա Մուկուչյանի երգն ու տեսահոլովակը կներկայացվեն միասին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանը։
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբն ավելի քան 300 երգ է ստացել ամբողջ աշխարհից, սակայն առանձնացրել է երկու երգ, որոնցից մեկի հեղինակը շվեդ կոմպոզիտոր է, մյուսինը` հայ։
Վերջնական երգն արդեն ընտրվել է, սակայն Արուսյակ Զախարյանը նշեց, որ երգի ու տեսահոլովակի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն մոտ ժամանակում։
Հանրային հեռուստաընկերությունը հունվարի 15-ին հայտնել էր, որ «Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն արդեն սկսել է մրցութային երգի ձայնագրության աշխատանքները:
«Եվրատեսիլը» երգի միջազգային մրցույթ է, որն անցկացվում է ամեն տարի` սկսած 1956 թվականից։ Մրցույթն իր երկրում անցկացնելու իրավունք ստանում է այն երկիրը, որի մասնակիցը ճանաչվում է տվյալ տարվա հաղթող։ Այս տարի մրցույթը կանցկացվի Ստոկհոլմի Globe Arena-ում։