ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հանդիպման ժամանակ Սերգեյ Շոյգուն նշել է, որ «հակաահաբեկչական մեծ պայքար է մղվում Սիրիայում» և շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարին աջակցելու, ինչպես նաև Սիրիայում զոհված ռուս զինծառայողների մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մեզ համար դա իսկապես դավաճանություն էր։ Որովհետև մենք բացարձակապես չէինք սպասում, որ այն մարդիկ, ովքեր ողջ աշխարհին հայտարարում են, թե մասնակցում են «Իսլամական պետության» և Սիրիայում գործող այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին, նման քայլ կանեն»,- ասել է Սերգեյ Շոյգուն`մեկնաբանելով Սիրիայի օդային տարածքում ռուսական ռմբակոծիչը կործանելու դեպքը։
Հանդիպման ընթացքում կողմերը 2016 թվականի ռազմական համագործակցությանն ու 2015 թվականի համագործակցության ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր են քննարկել։
Սեյրան Օհանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռազմատեխնիկական արդյունավետ համագործակցության համար։ «Շնորհակալ եմ Ձեզ այն հսկայական օգնության համար, որը ցուցաբերեցիք ռազմատեխնիկական համագործակցության գծով, ռազմական նշանակության արտադրանք մատակարարելու առումով։ Դրանք մեզ համար կարևոր նշանակություն ունեն»։
«Պետք է ասեմ, որ 2015 թվականն առանձնահատուկ էր ձեր ջանքերի շնորհիվ, ռուս զինվորականների` մեր ընկերների շնորհիվ։ Ռազմական համագործակցության բոլոր միջոցառումները կատարվել են»,- ասաց Օհանյանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմական ուժերի միջև այսպիսի հագեցած ծրագիր դեռ չէր եղել։
Նախարարները հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միացյալ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։
Ստորագրվել է նաև ռազմական գերատեսչությունների 2016 թվականի համագործակցության պլանը։