ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Նա 10/8 ընտրատեղամաս էր եկել միայնակ։ Վարչապետը հորդորեց սադրանքների չգնալ և որևէ մեկին արջի ծառայություն չմատուցել։
«Քվեարկության արդյունքներից հետո զարգացնելու ենք տնտեսական բոլոր ճյուղերը, հատկապես ուշադրություն ենք դարձնելու հայ–ռուսական հարաբերությունների խորացմանը, որպեսզի ավելի մեծ թվով արտադրանք արտահանենք Ռուսատան։ Օրակարգում է լինելու նաև հայ–թուրքական տնտեսական հարաբերությունների հարցը»,– ասաց վարչապետը։
Տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 10/8 ընտրատեղամասում այս պահի դրությամբ որևէ արտառոց դեպք չի գրանցվել, 1999 ընտրողից քվեարկել է առայժմ 150-ը։
Մինչ վարչապետի գալը, այս ընտրատեղամասում մեծ թվով մարդիկ էին կուտակվել, հիմնականում` լրագրողներ։ Վարչապետի հեռանալուց հետո իրավիճակը շտկվեց, և քաղաքացիները սկսեցին հերթով մոտենալ քվեատուփերին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ողջ տարածքում ձևավորվել է 1997 ընտրատեղամաս, որտեղ հանրաքվեի ընթացքում կարող է քվեարկել 2,552 միլիոն քաղաքացի: